ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«ՀՀ 2009 թվականի պետական բյուջեն երկրի կայուն զարգացման բյուջե է»

«ՀՀ 2009 թվականի պետական բյուջեն երկրի կայուն զարգացման բյուջե է»
31.10.2008 | 00:00

«ԵՐՐՈՐԴ ԵՎ ՀԱՋՈՐԴՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՆԴՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԻԱՆՎԱԳ ԿՏՐՎԻ 430 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ»
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկել են «ՀՀ 2009 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: ՀՀ հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթին վերաբերող՝ «Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ ֆինանսների նախարար ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ:
-Պարոն Դավթյան, նախ, խնդրեմ, ներկայացնեք, թե որքա՞ն է կազմելու 2009-ի պետական բյուջեն, և ի՞նչ սկզբունքով է այն հաշվարկվել:
-2009-ի բյուջեն մոտենում է ընդհուպ 1 տրիլիոն դրամի սահմանագծին: Ընդհանուր առմամբ, եկամուտների մասով համախմբված բյուջեն կազմելու է 927 մլրդ, իսկ ծախսերի մասով` 967 մլրդ դրամ: Պետական բյուջեն եկամուտների մասով կազմելու է 905 մլրդ, ծախսերի մասով` 945 մլրդ դրամ: Բյուջեի դեֆիցիտը կկազմի 40 մլրդ դրամ, ինչը բավականին ցածր ցուցանիշ է, ընդ որում, զգալիորեն ցածր, քան այս տարվա ծրագրվածը: Եթե տոկոսային արտահայտությամբ դիտարկենք, ապա դա ՀՆԱ-ի 1%-ից էլ ցածր մակարդակ է: Սա աննախադեպ ցուցանիշ է և հնարավորություն կտա զսպել գնաճային ճնշումները, որոնք կային այս տարվա ընթացքում և նկատելի կերպով խանգարեցին բնակչության կողմից իրական տնտեսական աճը առարկայորեն զգալուն: Հիշեցնեմ, որ դեֆիցիտի նշված մակարդակը նույնիսկ միջազգային չափանիշներով է բավականին լավ ցուցանիշ, քանի որ, օրինակ, ԵՄ-ի համար որպես չափանիշ սահմանված է ՀՆԱ-ի 3%-ը: Ասեմ նաև, որ 2009-ի բյուջեում գնաճի հաշվարկային մակարդակը նախատեսել ենք 4%-ի չափով(+_1,5%), ինչը նույնպես բավականին ցածր ցուցանիշ է:
-Նկատենք, պարոն նախարար, որ բյուջեի նախագծով սահմանված եկամտային մասն ավելի քան 123 մլրդ դրամով գերազանցում է այս տարվա համանման ծրագրային ցուցանիշը, ինչը, անշուշտ, բավականին հավակնոտ նախանշում կարելի է դիտարկել, ու, ըստ այդմ, խնդրեմ, նաև ներկայացրեք, թե որքանով է դրա իրականացումն իրատեսական, և, որ կարևոր է, հատկապես ինչի՞ հաշվին է այն ապահովվելու:
-Բյուջեի ձևավորման հաշվարկների հիմքում դրվել են բավական լուրջ մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնք հիմնված են նաև մեր հիմնարար փաստաթղթերի` կառավարության հնգամյա ծրագրի, միջնաժամկետ ծախսային ծրագրի, ԱՀՌԾ-ի նախանշումներով սահմանվող թիրախների նպատակային ցուցանիշների վրա: Ասել կուզե՝ եկամտային մասի ծավալների հիմքում դրված են լուրջ գնահատականներ: Ինչ խոսք, բյուջեն հիմնականում կատարվելու է երկու հիմքերի վրա. առաջինը ՀՆԱ-ի, այսինքն, տնտեսության աճն է, ինչը կանխատեսվում է 9,2%-ի չափով, իսկ երկրորդը հարկային և մաքսային վարչարարության բարելավումն է, որի մասով վերջին տարիներին բավականին աշխատանքներ ենք տանում, ընդ որում, այս տարի այդ բարեփոխումները նոր ընթացք ստացան, որոնց արդյունքներն արդեն իսկ նկատելի են: 2009-ին ևս շարունակվելու են այդ բարեփոխումները, ինչի շնորհիվ էլ ակնկալում ենք ստանալ նախանշված բարձր արդյունքները, այդ թվում նաև` ընթացակարգերի հեշտացման, ձեռներեցությամբ զբաղվելու համար հնարավորինս գրավիչ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև ստվերի բացահայտման ու հարկային դաշտ բերելու շնորհիվ: Նշվածից ելնելով էլ կարող ենք ասել, որ 2009-ի բյուջեն բավականին իրատեսական է, և կհաջողենք այն ամբողջությամբ կատարել: Ի դեպ, յուրաքանչյուր տարի, հատկապես բյուջեի նախագծի քննարկման փուլում, հաճախ է հնչում հարցը, թե ինչպիսի՞ կողմնորոշում ունի կամ ինչպե՞ս կորակվի տվյալ տարվա բյուջեն: 2009-ի պարագայում, հաշվի առնելով, որ այն ընդհանուր առմամբ հիմքում կրում է տնտեսության զարգացումը, ես այն կանվանեի «Կայուն զարգացման բյուջե»: Երկիրը մտնում է իր տնտեսության զարգացման կայուն փուլ, ինչն էլ ապահովելու է բյուջեի կատարումը:
-Պարոն Դավթյան, որքան էլ 2009-ի բյուջեն «Կայուն զարգացման» որակվի, այնուամենայնիվ, չենք կարող չարձանագրել, որ այն ընդգծված սոցիալական ուղղվածություն ունի, ինչի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ բյուջեի ընդհանուր ծախսերի շուրջ 47,5%-ը բաժին է ընկնում այդ բլոկի ոլորտներին` կրթությանը, առողջապահությանն ու սոցիալական ապահովությանը: Թերևս ներկայացնեք, թե այս ոլորտներից յուրաքանչյուրի մասով որքա՞ն են կազմելու հատկացումները:
-Անշուշտ, ճիշտ եք, որ լինելով տնտեսության և երկրի կայուն զարգացմանը միտված բյուջե, այնուհանդերձ, այն պահպանել է սոցիալական ուղղվածությունը, այդ թվում ունենալով նաև աղքատության հաղթահարման ընդգծված նպատակ: Այս բլոկի մասով նախատեսված ծախսային ծավալները, իրոք, հաջորդ տարի լինելու են աննախադեպ: Ինչպես արդեն նշեցիք, դրանք երեք հիմնական ուղղություններով են ուղղորդվելու, և այստեղ մեր նպատակն է լինելու հասնել այն հենանիշերին, որոնք ամրագրված են կառավարության ծրագրում, և, ըստ այդմ, մեր բյուջետային գործընթացներն այնպես ենք պլանավորում, որ 2012-ին ունենանք այն ցուցանիշները, որոնք ամրագրել ենք տվյալ ժամանակահատվածի համար: Իսկ դրանք, ինչպես գիտեք, բավականին հավակնոտ ցուցանիշներ են: Մասնավորապես, կրթության ոլորտի հատկացումները 2012-ին պետք է հասցնենք ՀՆԱ-ի 3,5 տոկոսի, առողջապահությանը` 2,2%-ի, իսկ սոցիալական ապահովության ոլորտինը` 6,2%-ի: Ինչևէ, 2009-ի բյուջեի նախագծով առողջապահության ոլորտում բյուջետային հատկացումների ծավալները նախատեսել ենք հասցնել ավելի քան 66 մլրդ դրամի` այս տարվա 54 մլրդի դիմաց, սոցիալական ապահովության գծով այդ ծավալները կկազմեն բյուջեի մեկ քառորդից ավելին` շուրջ 253 մլրդ դրամ` այս տարվա 217 մլրդ դրամի դիմաց, ինչը, ի դեպ, աննախադեպ է, քանի որ երբևէ նման ծավալներ չենք ունեցել: Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, ապա այս մասով ևս հատկացումների ծավալը լինելու է բավականին շոշափելի` ավելի քան 127 մլրդ դրամ, ինչն այս տարվա ծրագրային ցուցանիշը կգերազանցի մոտ 24 մլրդ դրամով: Ի դեպ, կրթության ոլորտում, բացի կապիտալ և ենթակառուցվածքների զարգացման ծախսերից, նախատեսվել են աշխատավարձերի բավականին շոշափելի բարձրացումներ, հատկապես հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար: Ըստ այդմ, մեկ դրույք հաշվարկային աշխատավարձի չափը կհասցվի ավելի քան 116 հազար դրամի` այս տարվա 89600 դրամի դիմաց: Շոշափելիորեն բարձրացվելու են նաև հանրակրթական դպրոցների վարչական անձնակազմի աշխատավարձերը` հասցնելով մինչև 176000 դրամի, այս տարվա 136000-ի դիմաց: Հանրակրթականից բացի, կրթության մյուս համակարգերում ևս նախատեսվել են աշխատավարձերի բարձրացումներ, սակայն պետք է նաև նկատել, որ այդ մասով դեռ անելիքներ ունենք, որպեսզի հաջորդող տարիներին ոլորտի մյուս համակարգերում զբաղվածների աշխատանքի վարձատրությունը ևս հնարավորինս մոտեցնենք ուսուցիչների աշխատավարձերի չափերին:
-Պարոն նախարար, կարծում եմ, առողջապահության ոլորտի մասով նախատեսված բյուջետային հատկացումների զգալի հավելումը ևս կանդրադառնա այդ ոլորտում զբաղվածների աշխատավարձերի վրա: Խնդրեմ՝ փոքր-ինչ մանրամասնեք նաև այդ հատվածը:
-Անշուշտ, բացի սարքավորումների ձեռքբերման, արդիականացման, բուժհիմնարկների նորոգման ու համապատասխան կահավորման ծախսերից, նախատեսվել են նաև աշխատավարձերի որոշակի բարձրացումներ: Ինչ խոսք, այս ոլորտում աշխատավարձերը համեմատաբար այնքան էլ բարձր չեն, սակայն աճը կլինի առաջանցիկ: Ի դեպ, թե կրթության և թե առողջապահության ոլորտներում բյուջետային հատկացումներն ավելի արագ են աճելու, քան մեր բյուջեի միջին ծավալները, ինչն արդեն իսկ փաստում է այդ ոլորտների նկատմամբ առանձնակի ուշադրության մասին: Թերևս նաև հավելեմ, որ այս երկու ոլորտների գծով բյուջետային հատկացումների հնգամյա ծավալների աճը, որն ամրագրվել է կառավարության ծրագրում, հիմքում կրում է եվրոպական չափանիշները` իր բոլոր հատկանիշներով, ինչին էլ ձգտելու ենք հասնել: Ինչևէ, վերադառնալով 2009-ի բյուջեի նախագծով առողջապահության ոլորտի մասով աշխատավարձերի չափերին, պետք է նախ նշեմ, որ կառավարության համար շարունակելու է գերակա դիտարկվել առաջնային բուժօգնության կամ, որ նույնն է, ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի դերի բարձրացումը, ինչի արդյունքում այդ օղակի բժշկական անձնակազմի աշխատողների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը կհասցվի 92400 դրամի` այս տարվա 77000-ի դիմաց: Հիվանդանոցային բուժօգնության օղակի բժշկական անձնակազմի աշխատավարձերն էլ նախատեսվում է հասցնել մոտ 66000 դրամի` այս տարվա 51100 դրամի դիմաց: Ավելանալու է նաև հիվանդանոցային բուժման մեկ դեպքի գինը` կազմելով 105000 դրամ, ինչը 15%-ով կգերազանցի այս տարվա համանման ցուցանիշը:
-Անդրադառնանք սոցիալական ապահովության ոլորտի գծով նախատեսված բյուջետային հատկացմանը, ինչը նշեցիք, որ աննախադեպ է ու, այդ համատեքստում, կուզենայի ներկայացնեք հատկապես կենսաթոշակներին և ընտանեկան նպաստներին վերաբերող բաղադրիչների մանրամասները:
-Իրոք, այդ ոլորտի ծախսերը` ծավալային առումով, ոլորտներից և ոչ մեկի հետ հնարավոր չէ համեմատել, ինչը, անշուշտ, լավ է: Նշված հատկացումների արդյունքում նախատեսել ենք ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 116 հազար ընտանիքներին տրվող նպաստի ամսական միջին չափը հասցնել 23600 դրամի` այս տարվա 21100-ի դիմաց: Ինչ վերաբերում է կենսաթոշակներին, ապա 2009-ին նախատեսում ենք դրանք բարձրացնել շուրջ 17%-ով, ինչի արդյունքում միջին ամսական կենսաթոշակը կդառնա ավելի քան 25600 դրամ` այս տարվա 21800-ի դիմաց: Ի դեպ, եթե հաշվի առնենք, որ այս տարի կենսաթոշակները բարձրացվել էին 60%-ով, հաջորդ տարի, ինչպես նշեցի, կբարձրանան ևս 17%-ով, իսկ 2010-ին էլ ոչ պակաս, քան 2009-ի ցուցանիշն է, ապա կարձանագրենք, որ ընդամենը երեք տարվա ընթացքում կրկնապատկել ենք կենսաթոշակները, ինչը, անշուշտ, զգալիորեն կբարելավի կենսաթոշակառուների վիճակը: Բացի այդ, 2010-ից կսկսենք նաև կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը, որը համակարգային փոփոխություններ կբերի այդ ոլորտում` տարիների ընթացքում այն մոտեցնելով միջազգային չափանիշներին: Սոցիալական ապահովության ոլորտի գծով հատկացումների շրջանակում կառանձնացնեի նաև միանվագ տրամադրվող նպաստների ծրագիրը, ու, հատկապես, երեխաների ծննդյան միանվագ նպաստի բաղադրիչը, համաձայն որի առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում միանվագ կվճարվի 50 հազար դրամ` այս տարվա 35 հազարի դիմաց, իսկ որ ամենակարևորն է, երրորդ և հաջորդող երեխաների ծննդյան դեպքում միանվագ կտրվի 430 հազար դրամ` այս տարվա 300 հազարի դիմաց: Ընդ որում, վերջինի գծով տրամադրվող միանվագ նպաստը, ի տարբերություն այս տարվա սահմանափակման, համաձայն որի այն տրվում է միայն անապահով ընտանիքներում ծնվող երրորդ և հաջորդող երեխաների համար, 2009-ից կտրամադրվի բոլորին: Կարծում եմ, սա բավական լավ խթան կարող է դառնալ հայկական ընտանիքները մեծացնելու համար, ինչը շատ կարևոր նշանակություն ունի երկրի թե դեմոգրաֆիական խնդրի կարգավորման, թե զուտ զարգացման տեսանկյունից: Մնում է միայն հորդորել, որ մեր ազգաբնակչությունը լավ մտածի և օգտվի այդ նպաստները ստանալու հնարավորությունից:
-Վերջում, պարոն Դավթյան, խնդրեմ, նաև ներկայացրեք, թե ի՞նչ միջոցների հաշվին է ծածկվելու պետական բյուջեի դեֆիցիտը:
-Դեֆիցիտը ծածկվելու է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրների հաշվին: Նկատենք, որ դրա մեծ մասը` ավելի քան 76%-ը, կծածկվի ներքին աղբյուրների հաշվին, ընդ որում, հիմնական մասը` գրեթե 25 մլրդ դրամը, կապահովվի պետական պարտատոմսերի թողարկման միջոցով: Ինչ վերաբերում է դեֆիցիտի ծածկման արտաքին աղբյուրներին, ապա դրանք հիմնականում ՀԲ-ի, Ասիական Զարգացման բանկի արտոնյալ վարկերն են, որոնք շարունակական ծրագրեր են և հիմնականում ուղղված են հանրապետության ենթակառուցվածքների զարգացմանը: Բացի այդ, արդեն ավարտում ենք բանակցությունները ՀԲ-ի հետ և առաջիկայում կսկսենք քառամյա ծրագիր` հաջորդող 4 տարիներին հատկացվելիք վարկերի փաթեթի հետ կապված, որոնք, ինչպես և նախորդող տարիներին, լինելու են հիմնականում ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր: Ավարտին են մոտենում բանակցությունները նաև Ասիական Զարգացման ու Եվրոպական ինվեստիցիոն բանկերի հետ, և այդ մասով նույնպես հույս ունենք, որ առաջիկա տարիներին կունենանք բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ, որոնք ևս ուղղված կլինեն ենթակառուցվածքների արդիականացմանը: Ամփոփելով, թերևս, հավելեմ, որ համաձայն բյուջեի նախագծի, 2009-ի վերջին ՀՀ արտաքին պարտքը կկազմի մոտ 1 մլրդ 800 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 13,1%-ը: Համեմատության համար. այս տարին, սպասվում է, կավարտենք 14,9% ցուցանիշով: Ի դեպ, ոչ այնքան վաղ անցյալում` 2000 թվականին, մեր երկրի արտաքին պարտքը կազմում էր մեր ՀՆԱ-ի 47%-ը: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:
Զրուցեց Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 9266

Մեկնաբանություններ